16 ապրիլի 2019 - 09:30 AMT
Վարչապետն ու կաթողիկոսը ցավակցել են Աստվածամոր տաճարում հրդեհի կապակությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ցավակցություններ են հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի կապակցությամբ։

«Մեծ տխրություն է՝ հետևել Նոտր Դամում կատարվողին։ Հայաստանն ապրումակցում է Ֆրանսիային», - նշել է վարչապետ Փաշինյանը ֆրանսերեն գրված իր tweet-ում:

Կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր հերթին, նշել է, որ եկեղեցում սրտի խորը ցավով են հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։

«Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն», - նշվում է կաթողիկոսի ուղերձում։

Փարիզի հրշեջներին հաջողվել է մարել Աստվածամոր տաճարում բռնկված ու զգալի ավիրածությունների պատճառ դարձած հրդեհը։ Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։ Ֆրանսիան վերականգնելու է տաճարը։

Կարդացեք նաև․ Նոտր Դամում հրդեհը մարված է․ Տաճարը՝ կրակից հետո (Ֆոտո)