24 ապրիլի 2019 - 17:21 AMT
Միհրան Պողոսյանը քաղապաստան է խնդրել ՌԴ-ից

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

«Միջնորդությունն արդեն ներկայացվել է: Որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Յամչիտսկին:

Ավելի վաղ ՌԴ դատարանի որոշմամբ Միհրան Պողոսյանը 40 օրով կալանավորվել է: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: