25 ապրիլի 2019 - 11:09 AMT
Թուրքիան քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը, որում 1915 թ. դեպքերն անվանել է «Մեծ եղեռն»:

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Չենք ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփի` 1915 թ. դեպքերի վերաբերյալ 2019 թ. ապրիլի 24-ին արած հայտարարությունը: Հայերի հորինած սուբյեկտիվ պատմությունը հիմք ընդունող այս հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Ներքաղաքական մտքերով պատմության կեղծումը երբեք չի ընդունվի: Նույն ժամանակահատվածում հայ ըմբոստների կողմից սպանված ավելի քան 500 հազար մուսուլմանների ցավը ևս մեկ անգամ հիշատակելով Թրամփին հրավիրում ենք ավելի արդար գտնվել», հայտնում է Yerkir.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Անդրադառնալով Թուրքիայի շարունակական կոչերին, կապված արխիվները բացելու և համատեղ հանձնախումբ ստեղծելու հետ՝ հայտարարության մեջ նշվում է. «1915 թ. դեպքերը մոռացության մատնել ցանկացող հայ ծայրահեղականները քաջություն չունեն այս առաջարկին դրական մոտեցում ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ հարգել Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում իրենց կյանքը կորցրած մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների հիշատակը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ. նա դարձյալ օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ «ցեղասպանության» փոխարեն:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր վերապրել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: 1915 թվականի սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ քայլեց դեպի իր մահը: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությանը՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը», - ասել է Թրամփը: