7 մայիսի 2019 - 11:37 AMT
HBO-ն խոստովանել է սուրճի հետ կապված սխալը «Գահերի խաղում»

HBO հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել «Գահերի խաղի» վերջին սերիայում Դեյներիսի առջև սեղանին մնացած մի բաժակ սուրճի վերաբերյալ: Անհաջող դրվագը սուր արձագանք է ստացել համացանցում, սակայն կաբելային հեռուստատեսության ներկայացուցիչները հումորով են արձագանքել:

«Էպիզոդում հայտնված լատեն սխալմունք էր: Դեյներիսը բուսական թեյ էր պատվիրել»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է kinopoisk.ru-ն:

«Գահերի խաղի» բեմադրիչ Հաուկե Ռիխտերը դրանում սարսափելի բան չի տեսնում և ազնվորեն խոստովանում է, որ աշխատանքի ընթացքում կադրում բազմաթիվ կողմնակի իրեր են հայտնվում: «Սուրճի հետ կապված լուն դավա դարձրեցին, քանի որ մինչ այդ «Գահերի խաղում» նման բան չէր եղել»,-ասել է նա:

Սակայն, սուրճի բաժակ մեկ անգամ արդեն հայտնվել էր կադրում՝ Վեսթերոսում: Սկզբնական էպիզոդներից մեկում կարելի է ժամանակակից բաժակ տեսնել Ջեյմե Լանիստերի ձեռքում: