13 մայիսի 2019 - 16:19 AMT
Նոր վերելակների գինը 1 բնակարանի համար 2000 դրամ կկազմի. Կփոխհատուցվի 25 տարում

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքի գրեթե 3600 վերելակի փոխարինման համար հարկավոր է լինելու 30 մլրդ դրամ, «ինչի հնարավորությունը համայնքի բյուջեն չունի»:

Նա նշել է, որ համայնքային բյուջեի սեփական մուտքերի ամբողջ ծավալը 2019 թվականի համար կազմում է 31 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ եթե համանքը որոշի այս ծրագիրն իրականացնել ինքնուրույն, ապա որևէ այլ ծախս չպետք է անի:

Քաղաքապետարանը մտադիր է դիմել կառավարությանը վերելակների փոխարինման ծրագիրը պետական բյուջեի աջակցությամբ, ինչպես նաև լրացուցիչ միջոցների ներգրավմամբ իրականացնելու միջոցով:

Նախատեսվում է նաև, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները:

«Օրինակ միջին հաշվարկով միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար այժմ ամսական վճարում է շուրջ 1600 դրամ: Որևէ տրամաբանություն բացահայտված չէ, թե ինչու մի շենքի մի մուտքում նույնատիպ վերելակի սպասարկման ծառայությունը քաղաքացու համար արժե 1000 դրամ, մեկ այլ շենքում նույն հարկայնության դեպքում արժե 4000: Այս սպասարկման վճարները իրականացվում են համատիրությունների կողմից հավաքագրմամբ, ուստի տրամաբանությունը շատ դժվար է հիմնավորել: Այդ նպատակով դիտարկել ենք միջինացված հաշվարկ: Եվ այսօրվա այդ միջինացված 1600 դրամը կարող է ավելանալ ոչ ավելի, քան 20-30%-ով»,- նոր վերելակների համար ամսական վճարի հնարավոր չափը նշեց Հայկ Սարգսյանը:

Երևանում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում են ավելի քան 40 տարի, մինչդեռ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է: