16 մայիսի 2019 - 12:19 AMT
«Իմ քայլը» նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնող նախագիծ են մշակել

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ:

Նախագծով առաջարկվում է աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, և կրճատ՝ 36 և 24 ժամ տևողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ և 650 դրամ:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, օրինակ, 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում մինչև 84,416 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45,950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8409, ՀՈԱԿ-ներում՝ 6017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան մոտ1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում կկազմեն մոտ 4.86 մլրդ դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարեւորագույն խնդիր, դրա աճով կբարձրանա նաև միջին աշխատավարձը, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճին, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճին, կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր և պետական հատվածների արբերությունը: