17 մայիսի 2019 - 11:42 AMT
Բալասանյան. Ցավում եմ, որ Արցախի 2 նախագահի երաշխավորությունը հակահեղափոխական քայլ է որակվել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է՝ ցավում է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար տված անձնական երաշխավորությունը որպես հակահեղափոխական քայլ է ընդունվել:

«Ցավում եմ, որ ոմանց կողմից դա ընդունվեց որպես հակահեղափոխական քայլ և հույս ունեմ, որ այն կգտնի համարժեք պատասխան: Տարբեր հարցերի շուրջ մեր մոտեցումները կարող են շատ տարբեր լինել, բայց մենք կողմնակից ենք Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև համերաշխ և կառուցողական հարաբերություններին: Կցանկանայի հիշեցնել անցած տարվա հունիսին նախագահ Բակո Սահակյանի նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որով անվերապահ աջակցություն էր հայտնում նրան Արցախի իշխանությունների կողմից: Երբևիցե Արցախի որևէ նախագահ, Հայաստանի Հանրապետության թե երկրորդ և թե երրորդ նախագահներին այդպիսի գրավոր աջակցություն չի ներկայացրել», - ասել է Բալասանյանը «Արցախպեսսի» հետ զրույցում:

Նա նշել է, որ Փաշինյանի կատարած սիրո, համերաշխության և համախմբվածության հեղափոխության ֆոնին ստեղծված իրավիճակին Արցախը ցուցաբերել է համապատասխան վերաբերմունք և կառուցել հարաբերություններն այդ շրջանակում:

«Հիմա կարո՞ղ եմ հարց տալ պարոն վարչապետին. ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ուներ՝ ասելով, որ Արցախում հակահեղափոխական տրամադրություններ կան»,- ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախը հակահեղափոխության օջախի վերածելու մասին խոսակցություններին:

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», - գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում: