22 մայիսի 2019 - 17:42 AMT
ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ անցկացնելու ԼՀԿ առաջարկը

ԱԺ խորհուրդը փակ նիստում որոշել է մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնում է «Առավոտը»:

ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցը:

«Այս շենքում ապաքաղաքական բան չկա: Մենք քվեարկեցինք «կողմ», իրենք՝ «դեմ»: Իրենք գտան, որ պետք չէ այդ հարցերին անդրադառնալ և քննարկել»,-ասել է Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե միտում չի տենսնում, «չուզեցա՞ն իրենց քաղաքական առաջնորդի հայտարարություններն ԱԺ նիստում քննարկման առարկա դարձնել»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե, փաստորեն, հին ավանդույթները շարունակվում են՝ Մարուքյանն արձագանքել է. «Ես կասեի՝ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները մայիսի 20-ի առավոտյան փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: