23 մայիսի 2019 - 11:09 AMT
Amnesty Int. Բաքվին չի կարելի թույլ տալ սպորտի միջոցով «լվանալ» իր սարսափելի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալլենի հայտարարության մեջ ասվում է, որ Amnesty International-ը ճնշում կգործադրի ՈւԵՖԱ-ի վրա և համարում է, որ Ադրբեջանին չի կարելի թույլ տալ «սպորտի միջոցով լվանալ իր սարսափելի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում»:

«Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումների աքցանների մեջ է, որտեղ անողոք հետապնդման են ենթարկվում լրագրողները, բլոգերներն ու իրավապաշտպանները: Անարդար դատավարություններն ու զրպարտչական արշավները սովորական երևույթ են այդ երկրում»,-նշել է Ալլենը, հայտնում է Rusarminfo-ն: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները շատ հաճախ սպորտային իրադարձություններն օգտագործում են աղաղակող իրավախախտումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար, որի վառ օրինակը ԵԼ եզրափակչում «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն է և հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ ֆուտբոլի երկրպագուները, ՈւԵՖԱ աշխատակիցներն ու ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է նպաստեն Ադրբեջանում այլախոհների հետապնդման դադարեցմանը, որոնք գործող նախագահ Իլհամ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության զոհերն են:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, թե Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: