27 մայիսի 2019 - 10:25 AMT
Բուքմեքերական գրասենյակները կարող են արգելվել 2020-ի նոյեմբերից

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։

«Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը», - գրել է Թունյանը։

Նա հայտնել է նաև, որ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։