27 մայիսի 2019 - 18:34 AMT
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցելու ՀՀ-ում վեթինգին. Փաշինյանը նամակ է ստացել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, PanARMENIAN.Net -ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը «կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ», - նշեց Կարապետյանը:

Նա հայտնեց, որ նամակում հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը:

«Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները: Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը:», - հայտնել են վարչապետի աշխատակազմից:

Ավելի վաղ «168 ժամը» գրել էր, որ Փաշինյանը «բավականին կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:

«Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում», - գրել էր թերթը: