29 մայիսի 2019 - 11:45 AMT
Պոզներ. Կայցելեի Ղարաբաղ, որ ադրբեջանցիները հասկանան՝ սիրտս այս կողմում է

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին նա ասել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում:

«Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում:Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,-ասել է Պոզները:

Պոզները հայտարարել է նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո՞ ինչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,-ասել է լրագրողը:

Ադրբեջանի իշխանությունները այսպես կոչված «սև ցուցակում» են ընդգրկում բոլոր այն անձանց, որոնք այցելում են Արցախ: Այժմ ցուցակում 803 օտարերկրացի կա, այդ թվում համաշխարհային աստղեր:

Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերբերվում հայերին ու Հայաստանին՝ շատ խելացի համարելով հայերին: Նա նշել է, որ իրեն գրավում է հայերի եզակի ունակությունը՝ գոյատևել ու վերապրել բարդ պայմաններում: Նաև նրան դուր է գալիս հայերի կենսուրախությունը, անկախ ամեն ինչից:

Նա նաև իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Ըստ նրա, կառավարության ղեկավարի համար շարունակում է շատ կարևոր մնալ, եթե ոչ ամենակարևորը, իր լրագրողի մասնագիտությունը: «Ես նույնիսկ ուզում էի ասել նրան, որ չի կարելի միաժամանակ և լրագրող, և վարչապետ լինել: Նա շատ հասարակ մարդ է շփման մեջ, նրա հետ հաճելի է զրուցել: Նա լսելու ունակություն ունի, դա հազվադեպ է պատահում նման կարգավիճակով մարդկանց մոտ: Շատ համակրելի մարդ է»,-ասել է Պոզները:

Պոզները Հայաստանում էր մայիսի 22-25-ը: Նա վարպետության դաս է տվել Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար, ներկա է եղել իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, ինչպես նաև հանդիպել է մտավորակնների և մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ: