30 մայիսի 2019 - 12:02 AMT
Պայմանագրային զինծառայության հնարավոր կլինի անցնել մինչև 40 տարեկանը՝ ներկայիս 36-ի փոխարեն

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով հնարավոր կլինի պայմանագրային զինվորական ծառայության անցնել մինչև 40 տարեկանը՝ ներկայիս 36 տարեկանի փոխարեն:

Հազվագյուտ մասնագիտությունների դեպքում տարիքային շեմը կբարձրացվի մինչև 45-ը:

ԱԺ լիագումար նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը:

Սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը: