10 հունիսի 2019 - 16:53 AMT
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը, հնարավոր է, հարևան երկրներից մեկից տարածված լինի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասունի Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հարևան երկրներից մեկի տարածքից է տարածվել:

«Հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որ թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ այլ երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը»,- ասել է ՔԿ նախագահը:

Նա հավելել է, որ այժմ նշանակվել են փորձաքննություններ: Փորձաքննությամբ հերքվել է նաև ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում անելու հանգամանքը:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: