11 հունիսի 2019 - 14:54 AMT
Ամերիկյան պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ ռուսական Ս-400-ի գործարքի պատճառով

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել, հայտնել է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Օրինագծով առաջարկվում է «Պատժամիջոցներով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ ռուսական համակարգերից չհրաժարվելու դեպքում, ինչպես նաև վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է պալատի կողմից օրինագծի ընդունումը:

2017-ի սեպտմեբերին Մոսկվան և Անկարան ստորագրել էին ռուսական Ս-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե ստիպված են ՌԴ-ի հետ կնքել համաձայնագիրը, և Թուրքիան կնախընտրեր ՆԱՏՕ-ից գնել համակարգերը։ Սակայն կողմերը չեն կարողացել գալ համաձայնության։ ՆԱՏՕ-ից դուրս սա Թուրքիայի ամենախոշոր գործարքն է: