13 հունիսի 2019 - 12:49 AMT
Օրինագիծ. 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները պետք է անկանխիկ վճարեն աշխատավարձը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի նախագիծը, որով նախատեսվում է 10 և ավելի աշխատող ունեցող գործատուների համար աշխատավարձն անկանխիկ եղանակով վճարելը պարտադիր դարձնել, դրական եզրակացություն է ստացել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից:

Օրինագծով բացառություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ աշխատողը դիմում է գրում կանխիկ վճարման համար:

Պատգամավորը նշել է, որ սա հերթական օրենսդրական նախաձեռնությունն է՝ միտված ՀՀ-ում ստվերային տնտեսության կրճատմանը:

«Նախաձեռնության նպատակն է ՀՀ-ում անկանխիկ վճարումների մշակույթի ներդրումը, որը կհանգեցնի ստվերի կրճատման, ինչն էլ կբերի բյուջետային մուտքերի ավելացման, հետևաբար՝ թոշակների, աշխատավարձների, նպաստների բարձրացմանը, բանակին, ոստիկանությանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին, սոցիալական, առողջապահական և այլ ոլորտներին հատակացումների ավելացմանը», - գրել է պատգամավորը: