14 հունիսի 2019 - 16:45 AMT
Բրիտանիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը կքննի 2020-ին

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն արտահանձնման հարցով բրիտանական դատարանի առջև կկանգնի 2020-ի փետրվարի 25-ին: Այժմ Ասանժը կրում է իր 50 շաբաթական ազատազրկումը բրիտանական «Բելմարշ» բանտում՝ գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: Նա մասնակցել է Վեսթմինսթերյան մագիստրատի դատարանին տեսակապով, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը ստորագրել է Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը: Այնուհետև, ըստ բրիտանական օրենսդրության, այն պետք է փոխանցվի դատարան:

Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացված 18 կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։

7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։