Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հավանություն է տվել պետծառայողներից գումարներ բռնագանձելու նախաձեռնությանը, եթե վերջիններս չեն կարող հաստատել, որ դրանք ստացել են օրինական ճանապարհով: Այդ մասին հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել արդարադատության նախարարությունը:
Նախարարությունը հայտարարել էր, որ համապատասխան օրինագիծ է պատրաստում 2018-2020թթ. Կոռուպցիային հակազդեցության ազգային ծրագրի շրջանակում: Այն հաստատվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2018-ի հունիսի 29-ին,հայտնում է «Վեդոմոստին»:
Վոլոդինը հանձնարարել է համապատասխան մասնագիտական կոմիտեին միանալ այդ աշխատանքին, որպեսզի հնարավոր լինի օրինագիծը քննարկել գարնանային նստաշրջանի ընթացքում:
ՌԴ արդարադատության նախարարությունն առաջարկել էր չպատժել պաշտոնյաներին «պարտադրված կոռուպցիայի» համար:
Այժմ ՌԴ օրենսդրությունը մի մեխանիզմ է նախատեսում, որը թույլ կտա այն պաշտոնյաների անշարժ գույքը, տրանսպորտային միջոցներն ու արժեթղթերը, որոնք տեղեկություններ չեն ներկայացնի դրանց օրինական ծագման վերաբերյալ, դարձնել ՌԴ սեփականությունը: Նոր օրինագիծը թույլ կտա նաև առգրավել այդ պաշտոնյաների գումարները, եթե գումարը գերազանցում է պաշտոնյայի և նրա տիկնոջ ընդհանուր եկամուտը, իսկ օրինականությունը հնարավոր չէ ապացուցել: