21 հունիսի 2019 - 15:51 AMT
Ֆրանսիական Dassault Systemes-ը ՀՀ հետ գործակցության փաթեթ է ներկայացրել

Ֆրանսիական Dassault Systemes ընկերությունը գործակցության վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է փոխանցել աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է «Դասո սիստեմս»-ի տաղավար:

Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» (Dassault Systemes) ընկերության փոխնախագահներ Ֆլորենս Վերզըլենի ու Վալերի Ֆերեի և կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի հետ:Հանդիպմանը անդրադարձ է կատարվել է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին,ինչպես նաև փոխնախագահ Քրիստիան Նարդենի և Քսավիե Ֆուրժեի՝ վերջերս Հայաստան կատարած այցին:

Ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ առաջարկությունների փաթեթը վերաբերում է կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցությանը: Նշվել է, որ նախատեսվելիք ծրագրերն ուղղված են լինելու կրթության և տնտեսության միջև կապի ապահովմանը՝ նորագույն տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկությունների համար՝ նշելով, որ փաթեթը կփոխանցի համապատասխան կառույցներին՝ դրանք ուսումնասիրելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ առաջիկա ամիսներին ընկերության պատվիրակությունը ևս մեկ անգամ կայցելի Հայաստան՝ ծրագրերն ավելի հստակեցնելու նպատակով:

«Դասո սիստեմս»-ը ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերին և Լը Բուրժեի ցուցահանդեսին ներկայանում է տեխնոլոգիական նորարար լուծումներով: