ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը 327 մլն դրամ արժեքով AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումն է գնել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, սարքավորումը քիմիայի, նյութագիտության, բժշկագիտության և կենսաբանության ոլորտներում կիրառությունների լայն շրջանակ է ապահովում:
«Բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունենալու համար նման ներդրումները կարևոր են, և պատահական չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացվել մեկ գիտական սարքավորում ձեռք բերելու համար։ Սա կարևոր քայլ է ոչ միայն հետազոտություններ իրականացնելու, այլև կիրառական գիտության ոլորտում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»,- նշել է նախարար Արայիկ Հարությունյանը։
Սպեկտրոսկոպիայի մեթոդը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել տարբեր նյութերի, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների, դեղերի, դիզելային վառելիքի քիմիական կազմը, և առաջիկայում նախատեսվում է մշակել միջոլորտային գործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան սարքավորումն առավելագույնս օգտագործել ի շահ ՀՀ քաղաքացիների։