24 սեպտեմբերի 2008 - 17:46 AMT
Սպասվում է, որ մինչեւ նոյեմբեր կստորագրվի մերձդնեստրյան հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ
Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինի եւ Մերձդնեստրիայի առաջնորդ Իգոր Սմիրնովի հանդիպումը, որը նախանշանակ կդառնա մերձդնեստրյան հակամարտության լուծման վերաբերյալ հայտարարության ստորագրման, կկայանա մոտ օրերս: «Մենք պնդում էինք, որպեսզի հանդիպումը կայանար արդեն սեպտեմբերի 19-ին, բայց մոլդավական կողմին այդ ժամկետը ձեռնտու չէր: Քիշինեւն առաջարկում է սեպտեմբերի 23-ը: Բայց դա էլ արդեն հարմար չի մեզ: Ներկայումս խոսքը գնում է շաբաթվա երկրորդ կեսի մասին»,- հայտնել է մերձդնեստրյան ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը: Վ.Վորոնինի եւ Ի.Սմիրնովի երկրորդ հանդիպումը տարվա կտրվածքով տեղի կունենա Բենդերներում: Որոշ տվյալների համաձայն, այն կնախորդի մերձդնեստրյան հակամարտության լուծման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը: Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի նոյեմբերից ոչ ուշ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ` Մոսկվայում:

Կողմերը պետք է ստորագրեն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության մասին համատեղ հայտարարություն: «Փաստաթղթի մյուս կարեւոր կետը պարտավորությունն է` բանակցություններ սկսել Մոլդավիայի կազմում Մերձդնեստրյան մոլդավական հանրապետության իրավական կարգավիճակի չափանիշների մշակման նպատակով»,- գրում է «Կոմերսանտը»:

«Ներկա պահին խաղաղարարական գործընթացի ձեռնարկման Մոսկվայի ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչը, եւ Սմիրնովն ու Վորոնինը դա շատ լավ հասկանում են: Դեկտեմբերին (այդ ամսին տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը) Ռուսաստանի համար կարեւոր է դրական արդյունք ցույց տալ, իսկ հաշվի առնելով Կովկասի վերջին իրադարձությունները, դա գեղեցիկ քայլ կլինի»,- հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան Քիշինեւում: