27 հունիսի 2019 - 13:24 AMT
ՄԽ նախկին համանախագահը՝ «Մեղրիի փոխանակման» մասին. Իրականությունը փոքր-ինչ այլ էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն, անդրադառնալով այսպես կոչված «Մեղրիի փոխանակման տարբերակին», ասել է, որ իրականությունը փոքր-ինչ այլ էր:

«Իրականությունը փոքր-ինչ այլ էր և սեղանի վրա դրված տարբերակները՝ ոչ այդչափ պարզունակ»,-ասել է նա՝ անդրադառնալով 2001-ի ապրիլին ամերիկյան Քի Վեսթում ղարաբաղյան կարգավորման շուրջ անցած բանակցություններին, որին մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քերի Քավանոն, որը Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր, հավելել է, որ դրանից բացի, Քի Վեսթում, ի սկզբանե չէր նախատեսվում որևէ փաստաթուղթ ստորագրել:

Նա նշել է, որ բանակցությունների հաջողության դեպքում փաստաթուղթը պիտի ստորագրվեր որևէ չեզոք տարածքում, հավանաբար՝ Եվրոպայում:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Քի Վեսթում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տեղի են ունեցել 2001 թ. ապրիլի 3-7: Քի Վեսթի հանդիպումը բացեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Դրա նախապատրաստմանն ու անցկացմանը մասնակցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների դիվանագետները: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այնուհանդերձ, Քի Վեսթի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործվեցին, առաջին հերթին, հետագայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի դրանցից հրաժարվելու պատճառով: