27 հունիսի 2019 - 15:08 AMT
5 տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից կկրճատվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով հինգ տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից է կրճատվելու:

Ընկերությունն ունի 6325 աշխատող:

Անդրադառնալով գազի սակագնին, Բաղրամյանն ասել է, սահմանին Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը որևէ պարտք չի կուտակում:

ՀԾԿՀ նախագահը հայտնել է նաև, որ այժմ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարում գազի գնի ձևավորման մոտեցումների վերաբերյալ։

«Եթե չեմ սխալվում ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», - ասել է Բաղրամյանը։

Ավելի վաղ ՌԴ-ն ՀՀ սահմանին գազի գինը 1000 խմ-ի համար $150-ից դարձրել է $165: