28 հունիսի 2019 - 16:16 AMT
Տիգրան Սարգսյան. Բանակցում ենք ԵՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵՏՀ-ն պետք է բանակցություններ սկսի ԵՏՄ երկրներում ռոումինգի չեղարկման շուրջ: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ խնդրելով մշակել հարցը, որպեսզի ՌԴ-ում գործող ռոումինգից զերծ ռեժիմը գործի նաև եվրասիական տարածքում: Հիմա պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք գործում են անդամ 5 երկրների տարածքում, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան ու չեղարկեն ռոումինգը ԵՏՄ տարածքում: Մեր եվրոպացի գործընկերները չեղարկել են ռոումինգը ԵՄ երկրներում»,-ասել է Սարգսյանը:

Ըստ նրա, առաջին փուլում հարկավոր է աշխատել ծառայությունների սակագների գոյացման մեթոդաբանության վրա, երկխոսություն ծավալել ազգային կառավարությունների և բիզնեսի միջև, քանի որ «բիզնեսը դիմադրելու է եկամուտները չկորցնելու համար»:

«Մենք արդեն նախաձեռնել ենք երկխոսությունը, այժմ բանակցային գործընթաց է գնում մեր ռուսաստանցի գործընկերների հետ և կա փոխադարձ ընկալում: Հանձնաժողովի շնորհիվ ռոումինգի գինն արդեն մի քանի անգամ նվազել է ԵՏՄ տարածքում, ինչը ևս զգալի առաջընթաց է: Հիմա պետք է օպերատորներին մեկ սեղանի շուրջ նստեցնել՝ ռոումինգի չեղարկման վերաբերյալ համաձայնեցված որոշում կայացնելու համար»,-ասել է Սարգսյանը: