ՌԴ Վրացական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության նախագահ Գեորգի Ցուրցումիան դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով վերականգնել ավիափոխադրումը երկրների միջև:
Վերջին տարիներին Վրաստանի և Ռուսաստանի միջև կապերն ամրապնդվում էին, նշել է նա: Նրա կարծիքով, «կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս և նրանք շահագրգռված են ապակայունացնելու իրավիճակը Վրաստանում և երկրների միջև դիմակայություն առաջացնելու մեջ», գրում է «Վեդոմոստին»:
Վրացական համայնքի նախագահը նաև մտավախություն է հայտնել, որ որոշ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ և հասարակական գործիչներ կարող են ավիահաղորդակցության կասեցումն ընկալել որպես ազդակ վրացիներին հետապնդելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: