29 հունիսի 2019 - 11:49 AMT
ԵԱՀԿ-ն ողջունում է ձերբակալվածների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև

Եվրոպայում ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է ձերբակալվածների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև, հայտնում է ԵԱՀԿ կայքը:

Այդ հարցը Լայչակը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը:

Ըստ ԵԱՀԿ նախագահի, դա ցույց է տալիս, որ երկխոսությունը կարող է դրական արդյունք տալ հակամարտությունից տուժած մարդկանց համար: Նա նաև աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին ն համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածության նվազմանն ու խաղաղությանը և բանակցություններում առաջընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանը:

Միջնորդներն, իրենց հերթին, տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ապրիլի 15-ին Մոսկվայում և հուլիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքների մասին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու քաղաքացու են փոխանակել։Գործողությունը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան և ադրբեջանական Քասախ քաղաքներին կից միջպետական ճանապարհի մի հատվածում:

Ադրբեջանի քաղաքացին 2019-ին մարտի 16-ին ձերբակալված Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովն է, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 2017 թվականի հունիսի 20-ին ձերբակալված Զավեն Կարապետյանը:ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է, որ այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: