25 սեպտեմբերի 2008 - 17:08 AMT
Սենատոր Ռոբերտ Մենենդեզը Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Ջոն Քերրին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյմս Ջեֆրիից պահանջել են բացատրել ԱՄՆ վարչության վերադարձը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցով «պատմական կոմիտեի» ստեղծման` իրեն արդեն վարկաբեկած գաղափարին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Ամերիկայի Հայկական Հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

«Մենք կրկին ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել սենատոր Մենենդեզին այն բանի համար, որ նա հերթական անգամ նշել է ԱՄՆ վարչության մասնակցությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը: Մենք նրան երախտապարտ ենք նաեւ նրա համար, որ նա բարձրացրեց հենց Թուրքիայի շահերին արձագանքող կոմիտեի ստեղծման հարցը, ինչը Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ մարմնավորումն է հանդիսանում: Սենատոր Մենենդեզը պարզապես հարցրեց. «Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյո՞ք այն կճանաչի նաեւ ԱՄՆ-ն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Ջոն Քերրին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի գծով սենատական կոմիտեի անդամներն են եւ վետոյի իրավունք ունեն: ԱՄՆ սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարի կողմից ներկայացված ԱՄՆ դեսպանի թեկնածությունը ցանկացած երկրում պետք է ստանա կոմիտեի հաստատումը, այնուհետեւ` Սենատի հավանությունը: Նախկինում սենատոր Մենենդեզը երկու անգամ օգտագործել է վետոյի իրավունքը` արգելափակելով Հայոց ցեղասպանությունը ժխտող Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: