3 հուլիսի 2019 - 13:05 AMT
Լորենցո Քուինը՝ ՀՀ նախագահին. Հայաստանում բացահայտելու այնքան բան կա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինի առաջին այցը Հայաստան՝ հյուրընկալելով նրան իր նստավայրում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ: «Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: