5 հուլիսի 2019 - 16:42 AMT
Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. ՀԱՊԿ-ում գործակցության հարցեր են քննարկվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Զրուցակիցները խոսել են ԵՏՄ շրջանակում փոխգործակցության ակտուալ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում: Մասնավորապես Պուտինը և Փաշինյանը քննարկել են նախապատրաստումը հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրազէս-ի արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները:

Բացի այդ, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում գործակցության խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա շփումները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի»,-ասվում է գրառման մեջ: