18 հուլիսի 2019 - 11:43 AMT
Ոստիկանության ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը զոհված ոստիկանների հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին:

Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը:

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրոհել է ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը, ինչի հետևանքով սպանվել էր երեք ոստիկան՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: