24 հուլիսի 2019 - 15:32 AMT
Պահածոյացված միրգ-բանջարեղենի գինը կարող է իջեցվել

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել է արտադրանքի ինքնարժեքն իջեցնելու հնարավոր ուղիները։

Նախարարության փոխանցմամբ, քննարկման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի հնարավորության դեպքում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին ընկերությունների հետ անցկացնել հանդիպումների շարք՝ քննարկելու վերջիններիս գործունեության մասնավոր խնդիրները։