24 հուլիսի 2019 - 17:39 AMT
Վայոց ձորում փորձել են վրաերթի ենթարկել արջին ու քոթոթներին

Հուլիսի 24-ին համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է վարորդը փորձում վրաերթի ենթարկել արջին ու քոթոթներին:

EcoNews.am կայքի փոխանցմամբ, տեսանյութը նկարահանվել է Վայոց ձորի մարզում, դրանում երևում են իրենց հետապնդող մեքենայից վախեցած փախչող արջերը:

«Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը։ Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: