25 հուլիսի 2019 - 18:09 AMT
ՀՀ-ն կմասնակցի Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար, Տիգրան Խաչատրյանը և Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ալ Ալին հուլիսի 25-ին ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Խաչատրյանը և Նաջիբ ալ Ալին քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, կողմերը զրուցել են նաև դրա ընթացքում Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։

Դուբայ ԷՔՍՊՈ-2020 համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի մոտ 6 ամիս։

Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես, ներդրումային և զբոսաշրջային ներուժը։