ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագծում փոփոխություններ է իրականացնում, որոնցով պահանջի ուժի մեջ մտնելու նախապես որոշված ժամկետը 2019 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվում է 2020 թվականի հունվարի 1:
PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հայտնել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ տնտեսվարողների հետ քննարկումներում, որոշվել է ժամանակ տալ վերջիններիս նախապատրաստվելու համար:
Ավետիսյանը հայտնեց նաև, որ այժմ օրենքը լրամշակման փուլում է:
Ընթացիկ տարվա փետրվարին նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2019 թվականի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր նաև 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ, ինչը միտված է տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին արգելել դրանց վաճառքը Հայաստանում:
Հայաստանում մի շարք սուպերմարկետներ արդեն մի քանի տարի է՝ պոլիէթիլենային տոպրակները վաճառում են 10 դրամով՝ գնված ապրանքը տեղավորելուց առաջ գնորդից ճշտելով, թե արդյոք ցանկանում են դրանք տեղափոխել տոպրակով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։