Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ռուսական «Կուբանի» և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կվերադառնա Հայաստան և հանդես կգա Երևանի «Արարատի» կազմում, հայտնում է Sport24-ը:
29-ամյա ֆուտբոլիստը 2016-ից թուրքական «Բեշիքթաշի» անդամ է: Սակայն, թուրքական ակումբը հենց սկզբից նրան վարձակալական հիմունքով հանձնեց «Ռայո Վալեկանոյին», որտեղ նա ընդամենը 3 հանդիպման է մասնակցել:
2018-ի փետրվար-հունիսին Օզբիլիզը վարձակալությամբ խաղացել է «Շերիֆում»՝ մասնակցելով 4 խաղի:
Նախորդ խաղաշրջանը Օզբիլիզը սկսել է «Վիլլեմ II»-ում, իսկ ապրիլին հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիտարդի» հետ խաղում, որից հետո հոլդանական ակումբը խզել է պայմանագիրը նրա հետ: Օզբիլիսը «Վիլլեմ II» ակումբում 18 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում է կատարել:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը թուրքական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: