5 օգոստոսի 2019 - 12:55 AMT
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչն առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրումն է կարևորել

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման վրա, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։

ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Մարգարյանը «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպմանն ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար նվազեցնել քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգները, և դրա ներդրումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։