5 օգոստոսի 2019 - 14:03 AMT
2018-ի համեմատ ՀՀ-ում փայտամթերումը նվազել է 22%-ով

Պաշտոնական տվյալներով, 2019 թվականի հունվար-հունիսին 2018 թվականի հունվար-հունիսի նկատմամբ ՀՀ-ում փայտամթերումը նվազել է 22%-ով:

Ըստ այդ տվյալների, հաշվետու ժամանակահատվածում երկրում անկում է գրանցել նաև անտառաբուծությունը՝ 24%-ով, իսկ անտառաբուծությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունները՝ մոտ 15%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներում ամփոփված են բացառապես օրինական անտառհատումների արդյունքում իրականացված փայտամթերման ծավալները:

Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի անօրինական ճանապարհով 0.5-1 մլն խմ փայտ է հատվում, ինչը տարեկան մոտ $40 մլն-ի եկամուտ է բերում:

Ավելի վաղ Իջևանում մի խումբ մարդիկ միջպետական ճանապարհ էին փակել Կառավարությունից պահանջելով ապօրինի անտառհատումներ թույլ տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել էր, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: