21 օգոստոսի 2019 - 11:35 AMT
«Մատրիցա 4»-ում Կիանու Ռիվզը կվերադառնա իր դերին

Warner Bros.-ը սկսել է «Մատրիցայի» շարունակության կինոարտադրությունը: Կիանու Ռիվզն ու Քերի Էնն Մոսը կվերադառնան Նեոյի և Թրինիթիի դերերին, իսկ ռեժիսորը կլինի Լանա Վաչովսկին: Այդ մասին հայտնել է Warner Bros.-ի վարչության նախագահ Թոբի Էմմերիխը:

Լանա Վաչովսկին կգրի սցենարը, ինչպես նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր: Ֆիլմի վրա կաշխատեն սցենարիստներ Ալեքսանդր Հերմոնն ու Դևիդ Միթչելը, գրում է TJ-ն Variety-ի վրա հղումով:

«Գաղափարներից շատերը, որոնք ես և Լիլին ունեցել ենք 20 տարի առաջ մեր իրականության մասին, այժմ ավելի ակտուալ են դարձել: Ես շատ երջանիկ եմ, որ այդ կերպարները կվերադառնան իմ կյանք և շնորհակալ եմ իմ ընկերների հետ աշխատելու ևս մեկ փայլուն հնարավորության համար»,-ասել է «Մատրիցայի» ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լանա Վաչովսկին:

Նկարահանումները նախատեսվում է սկսել 2020-ին:

Ինչպես նշել են Variety-ում, ստուդիան վաղուց է փորձում վերադառնալ «Մատրիցային», սակայն դա դժվար էր իրավունքների հետ կապված բարդ համակարգի պատճառով: Սակայն գործընթացն արագացավ «Ջոն Ուիք 3», «Խաղալիքների պատմությունը 4» ֆիլմերի լավ հասույթի և Վաչովսկիի սցենարի հաջողության ֆոնին՝ ստիպելով ստուդիայի ղեկավարությանը և Քիանու Ռիվզին մտածել հնարավոր վերադարձի մասին:

1999-2003-ին թողարկված նախորդ 3 մասը միջազգային կինովարձույթում հավաքել է 1,6 մլրդ դոլար: