26 օգոստոսի 2019 - 17:06 AMT
Ամազոնում հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 43,000 զինվոր

Բրազիլիայի Ամազոն նահանգը զինվորականների օգնությանն է դիմել սաստիկ անտառային հրդեհների պատճառով, որոնք չեն դադարում: Սա արդեն 7-րդ նահանգն է, որտեղ զինվորականներն օգնելու են մարել կրակը:

Համապատասխան որոշումը ավելի վաղ ստորագրել էր երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն: Այժմ հրդեհների մարմանը ավելի քան 43,000 զինվորական է մասնակցում, գրում է Deutsche Welle-ն Agência Brasil-ի վրա հղումով:

Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը նաև պարզաբանել է, որ զինվորականները սկսել են ինքնաթիռներ կիրառել այրվող անտառների վրա ջուր լցնելու համար՝ Lockheed C-130 Hercules տրանսպորտային օդանավեր, որոնից յուրաքանչյուրը կարող է մինչև 12,000լ ջուր տեղափոխել:

Անտառային հրդեհների քանակը Բրազիլիայում շարունակում է աճել: 2019-ի սկզբից այնտեղ արդեն մոտ 80,000 հրդեհ է եղել, իսկ միայն օգոստոսի 23-ի ընթացքում մոտ 1000 նոր հրդեհ է բռնկվել: Դրանց մեծ մասն Ամազոնում է, որտեղ գտնվում է արևադարձային անտառրների ամենամեծ տարածքը: