4 սեպտեմբերի 2019 - 15:53 AMT
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի պաշտպանների վիճարկած 2 հոդվածից մեկը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակել է ՍԴ որոշումը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քրեական դատավարության 35-րդ ու 135-րդ հոդվածների սահմանադրականության հարցով։

Ըստ այդմ, օրենսգրքի 35-րդ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Համաձայն որոշման, այն ճանաչվել է անվավեր, քանի որ նշված հանգամանքների թվում այնտեղ ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը պնդում է՝ Մարտի 1-ի գործողությունները բխում էին Քոչարյանի կարգավիճակից ու նախկին նախագահի վրա տարածվում է դրանց համար անձեռնմխելիություն։

Միաժամանակ, սահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի, խափանման միջոց է կիրառվում, երբ մեղադրյալը կարող է խոչընդոտել քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով։