23 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT
Փաշինյանը Վանեցյանին 1991-ի պուտչիստների հետ է համեմատել

Արթուր Վանեցյանը՝ դե-յուրե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ , հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանով անարգելով սպայի պատիվը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ։

Նա զուգահեռներ է անցկացրել Վանեցյանի հայտարարության ու 1991 թվականին՝ դեռ ԽՍՀՄ օրերին, ԳԿՉՊ կազմակերպած զինված հեղաշրջման փորձի հետ։

«Սպան այդպիսի բա՞ն անի։ Դա գիտե՞ք ինչ է։ Դա նշանակում է ՝ուսադիրները գցել աղբանմանը։ Այդպիսի բան վերջին անգամ 91 թվականին պուտչիստներն են արել։ Փառք Աստծո, նոր Հայաստանի կառավարությունը ու ՀՀ-ն այն երկիրը չեն, որտեղ կարող է նման բն տեդի ունենլ, բայց սա անարգանք է զինված ուժերի նկատմամբ», - ասել է նա։

Նա նաև բնական է համարել այն, որ Վանեցյանի հայտարարությունը հանվել է ԱԱծ կայքից։ «Բա պիտի շարունակեր մնա՞լ», - տարակուսել է նա։

Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ: