26 սեպտեմբերի 2019 - 16:17 AMT
ԵՏՄ տաքսու վարորդների միասնական ռեեստր կարող է ստեղծվել

ԵՏՄ անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական ռեեստր: Համարվում է, որ դա թույլ կտա ազատվել ապօրինի աշխատող, ինչպես նաև կեղծ վարորդական իրավունքներ ունեցող վարորդներից: Այդ մասին հայտնել է ՌԴ Տաքսու զարգացման հանրային ինստիտուտի իրավասությունների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Շվագերուսը, հայտնում է «Իզվեստիան»:

Այդ առաջարկը սեպտեմբերի 27-ին քննարկվելու է Բիշքեկում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովում: Նոյեմբերին նախատեսվում է գաղափարը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը:

Ըստ փորձագետների, ԱՊՀ քաղաքացիների վարորդական իրավունքների իսկությունը ստուգելն այժմ անհնար է, ընդ որում Մոսկվայում աշխատող տաքսու վարորդների մոտ 60 տոկոսն օտարերկրացի է:

Շվագերուսը պարզաբանել է, որ ՌԴ-ում առևտրային փոխադրումներն արգելված են օտարերկրացիների համար, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսաց լեզուն ճանաչվել է երկրորդ պետական լեզու: Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը համապատասխանում են այդ պահանջին, Հայաստանը՝ ոչ:

Առայժմ պարզ չէ, թե ով է զբաղվելու վարորդների թվային պրոֆիլի ստեղծմամբ: Ավտոմեքենաների միասնական բազայի ստեղծումն արդեն քննարկվել է գործարար շրջանակների հետ: