24 հոկտեմբերի 2008 - 15:52 AMT
Հյուբերտ Հենելը պնդում է, որ Ֆրանսիայի Սենատը երբեք հավանություն չի տա Ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին
Ֆրանսիայի Սենատը «երբեք հավանություն չի տա» Հայոց Ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին, հայտարարել է Ֆրանսիայի Սենատի եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Հյուբերտ Հենելը: «Հարցը սպառված է: Սենատի համար անհնար է նման օրինագծի ընդունումը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը, որը մասնակցում է «Հանրապետությունը Ֆրանսիայում ու Թուրքիայում» սեմինարին, որի կազմակերպիչն է Բիլգի համալսարանը Ստամբուլում: Նրա կարծիքով, օրինագծի ընդունումը «կխանգարի պատմական հետազոտություններին»: «Մթնոլորտը երկու երկրների միջեւ փոխվել է եւ կարծում եմ, որ նման օրինագծի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին»,-ասել է նա, գրում է Turkish Daily News-ը:

2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ցեղասպանության արդյունքում 1,5 մլն հայ սպանվեց, իսկ 500 հազարը սփռվեց աշխարհով մեկ, ձեւավորելով հայկական Սփյուռքը: