28 հոկտեմբերի 2008 - 17:54 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. ԵՄ բավականաչափ ուշադրություն չէր դարձնում Կովկասին
ԵՄ նախագահող Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշները խոստովանել է, որ Եվրամիությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ուշադրություն չի դարձրել Կովկասի իրադրությանը: «Եթե հետ դառնանք մի տաս կամ ավել տարի առաջ, ապա կարելի է մեզ մեղադրել նրանում, որ մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձրել այստեղին»,- ասել է նա Սանկտ-Պետերբուրգում կայացած Ռուսաստան-ԵՄ նախարարական հանդիպման արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսին:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին մատնացույց է արել, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել ցանկացած, այդ թվում` ԵՄ ջանքերը` ուղղված «այն բանին, որպեսզի անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծվեն, թույլ չտան նման ագրեսիվ արտահայտումների կրկնություն (Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի կողմից)», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վրացական զորքերը օգոտոսի 8-ին ներխուժեցին Հարավային Օսիա եւ հարված հասցրեցին նրա մայրաքաղաք Ցխինվալիին` կիրառելով հրասայլեր եւ ծանր հրետանի: Ռուսաստանը ստիպված էր զորավիգ ուժ մտցնել ի օգնություն տարածաշրջանում տեղավորված խաղաղապահներին եւ ի կատար ածել Վրաստանը խաղաղության պարտադրելու գործողությունը: Այդ դեպքերից հետո Ռուսաստանը օգոստոսի 26-ին ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: