10 հոկտեմբերի 2019 - 18:57 AMT
Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020-ի 10 ամենաթրենդային ուղղությունների ցանկում

Ամրագրումների հանրահայտ Booking.com կայքի կանխատեսմամբ՝ Երևանն ընդգրկել է 2020-ի 10 ամենաթրենդային ուղղությունների ցանկում: Պլատֆորմն իր կանխատեսումն արել է հաշվի առնելով ճանապարհորդական և տեխնոլոգիական փորձը, ինչպես նաև 29 շուկաների ավելի քան 22.000 զբոսաշրջիկների շրջանում անցկացված հետազոտությունները և 180 մլն-ից ավել ստուգված հյուրերի արձագանքները:

Ծառայությունն անկախ հետազոտություն է իրականացրել այն չափահաս ճանապարհորդների շրջանում, ովքեր վերջին 12 ամսվա ընթացքում ճամփորդել են, կամ պատրաստվում են գնալ ճամփորդության հաջորդ 12 ամսվա ընթացքում:

2020-ին «թոփ-10» պահանջված ուղղությունների ցանկում են նաև՝ Գզիրա (Մալթա), Նինբին (Վիետնամ), Սալտա (Արգենտինա), Սեոգվիպո (Հրվ Կորեա), Ջոդխպուր (Հնդկաստան), Սվինոույսցե (Լեհաստան), Տակամացու (Ճապոնիա), Սան Խուան (Պուերտո Ռիկո), Ժաբլյակ (Մոնտենեգրո) քաղաքները:

Booking.com-ն ունի շուրջ 28.5 մլն հայտարարություն՝ 148.470 ուղղություններով, աշխարհի 228 երկրներում: Ամեն օր կայքում կատարվում է ավելի քան 1,5 մլն ամրագրում: