12 հոկտեմբերի 2019 - 14:31 AMT
Զատուլինին Արցախում «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան են հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը։

Հոկտեմբերի 11-ինՌուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Արցախի բարեկամների համաժողովում հայտարարել է, որ Արցախը չի կորցնի իր պետականությունը, իսկ «Ռուսաստանը, որպես պետություն, թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում»:«Վստահ եմ, որ Արցախը որևէ պահի չի կորցնի իր պետականությունը: Վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը: