16 հոկտեմբերի 2019 - 18:24 AMT
Վարչապետի խորհրդական. Բանակցում ենք 2 օդանավ արտադրողի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Airbus ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյի և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովի հետ: Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իրէջում հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ ընդգծելով նաև «հայկական ավիափոխադրողների ստեղծման գաղափարի շուրջ նախագահի աջակցությամբ կայացած համաձայնությունների մասին»:

«Այսօր արդեն բանակցություններ ենք վարում երկու հզոր օդանավ արտադրողների հետ, և երկուսն էլ պատրաստակամ են իրենց հնարավորությունները ներդնել մեր երկրի համար այդքան կարևոր ռազմավարական ոլորտի վերականգնման և լիարժեք գործունեության կայացման խնդրում»,- գրել է Ճաղարյանը:

Airbus ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նրանք ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին: Նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: