22 հոկտեմբերի 2019 - 11:51 AMT
Պոմպեո. Թրամփը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անհրաժեշտության դեպքում» պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, սակայն գերադասելի է «խաղաղությունը»: Այդ մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ լինեն, ապա պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նման գործողությունների գնալ»,-ասել է Պոմպեոն: Նա չի մանրամասնել, թե հատկապես Թուրքիայի կոնկրետ որ գործողությունները կարող են ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների հանգեցնել, գրում է «Վեդոմոստին»:

Թրամփն, իր հերթին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում, ելնելով քրդերի շահերից, նավթի արդյունահանմամբ կարող է զբաղվել խոշոր ամերիկյան ընկերություն, թե որը հատկապես, նա չի նշել, հայտնում է NBCNews-ը: «Մենք պաշտպանության տակ ենք առել նավթը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով ամերիկյան զորակազմի նահանջը Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության գոտուց:

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնում «մի բան կմտածեն քրդերի համար», որպեսզի նրանք «փող ունենան»: Ըստ ԱՄՆ առաջնորդի, հիմա քրդերը չունեն կանխիկ միջոցներ, քանի որ «բոլորը կռվում են»: Ըստ նրա, այդ հատվածում չկան նաև նավթի մեծ պաշարներ, սակայն ռազմական գործողություններն ընթանում են «այն բանի համար, ինչ կա»: