ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում:
Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք Վանեցյանը չի ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն՝ Մարտիրոսյանը բոլոր հարցերին բացասական պատասխան է տվել՝ պատասխանելով մեկ բառով.«ո՛չ», հայտնում է Aysor.am-ը:
Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կապված շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասել է, որ հերքում է դրանք: «Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը», - ասել է նա:
Խոսելով ԱԱԾ-ում անցկացվող ՊՎԾ ստուգումների մասին՝ Մարտիրոսյանն ասել է, որ դրանք կապ չունեն Վանեցյանի հետ ու պարզապես ՊՎԾ հերթական ստուգումներն են:
«ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի տեղեկատվություն, կտեսնեք: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով ուսումնասիրում է», - ասել է նա: