31 հոկտեմբերի 2019 - 11:08 AMT
Փայլանը՝ Էրդողանին. Այն, ինչ եղել է տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը ներկայացնում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասել է. «Այդ հարցը պատմաբանների, հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»: Այն ցեղասպանությունը, որն իրագործվել է Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ, պատմաբանների գործը չէ... Այն, ինչ տեղի է ունեցել տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը»:

Կարո Փայլանն արձագանքել էր նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Հայազգի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը:

«Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը (Թուրքիան) 105 տարուց ավելի ուրանում է այն։Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել էր նա: